«Իրատես de facto»-ի զրուցակիցը Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆՆ է: Զրույցի թեման կոմպոզիտորների միության ստեղծագործական անցուդարձն է, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև երաժշտարվեստում առկա խնդիրներն ու ձեռքբերումները:
-2014-ին կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մեկնարկեց հայ ժամանակակից երաժշտության փառատոնը: Չորս օր շարունակ երաժշտասերների դատին հանձնվեցին հայ ժամանակակից կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները: Ամենամյա՞ է լինելու փառատոնը:
-Ցանկալի է, և ամեն ինչ պետք է անենք, որ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները ներկայացնող փառատոնը լինի ամենամյա: Սակայն նմանատիպ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ի՞նչ ծրագրեր են նախատեսվում Հայաստանում և արտերկրում:
-Կոմպոզիտորների միությունը տարաբնույթ ծրագրեր է իրականացնում` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Անցկացվել է վոկալ-գործիքային ստեղծագործությունների մրցույթ՝ Սոնա Վանի խոսքերով և նրա իսկ աջակցությամբ: Այդ ստեղծագործությունները հանրությանը կներկայացվեն ապրիլին նախատեսված համերգի ընթացքում: Նպատակ ունեինք կազմակերպելու նաև մեծ կտավի ստեղծագործությունների մրցույթ, դիմել ենք տարբեր կազմակերպությունների, ցավոք, որևէ արձագանք չենք ստացել, ինչը, սակայն, չի նշանակում, թե կոմպոզիտորները չեն գրում կամ չեն ուզում գրել: Ստեղծվել են վոկալ, սիմֆոնիկ գործեր, ինքս ավարտել եմ դուդուկի, լարային նվագախմբի և հարվածային գործիքների համար ստեղծագործությունս: Կոչվում է «1915 թվական»: Ապրիլին նախատեսում ենք փառատոն` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կան նաև այլ ծրագրեր: ՈՒզում եմ առանձնացնել խորհրդանշական բացօթյա համերգը` 100 ռոյալներով, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ: Դա կլինի երևույթ մեր մշակութային կյանքում, սակայն իրականացնելու համար ֆինանսական մեծ ներդրում է պահանջվում:
Ինչ վերաբերում է արտերկրում իրականացվող ծրագրերին, ասեմ, որ փառատոն ենք նախատեսում Ֆրանսիայում՝ ֆրանսիացի, ռուս և այլազգի երաժիշտների մասնակցությամբ: Հեղինակային համերգ կազմակերպելու առաջարկ եմ ստացել Լոս Անջելեսից. ներկայացվելու են ոչ միայն իմ, այլև մեր տոհմի կոմպոզիտորների տեղծագործությունները (Աշոտ Սաթյան, Արամ Սաթունց, Դավիթ Սաթյան): Համերգը կունենա «Ես իմ անուշ Հայաստանի» խորագիրը:
-Ձեր «1915 թվականի» պրեմիերան կայացել է Նյու Ջերսիում. հայաստանյան պրեմիերա նախատեսվո՞ւմ է:
-Անցյալ տարի ներկայացվել է նաև Սոչիում, երկու կատարումներն էլ չեմ լսել: Կցանկանայի, որ այն հնչեր նաև Հայաստանում: Առաջարկվել է տարբեր նվագախմբերի, տեսնենք` ինչ կստացվի:
-Հաճախ է խոսվում Ցեղասպանության թեմայով համաշխարհային համբավ ունեցող ֆիլմի կարևորության մասին: Ի՞նչ դեր, ազդեցություն կարող է ունենալ երաժշտական ստեղծագործությունը:
-Երաժշտությունն ազդում է ներաշխարհի վրա: Լավ ստեղծագործությունը կարող է մեծ նշանակություն ունենալ, շատ բան փոխել և հայաստանյան, և դրսի հանրության շրջանում:
-Մենք ունե՞նք նման գործ:
-Գրվում են։ Արդեն իսկ ունենք նոր գրված, բավականին հետաքրքիր ստեղծագործությունների նոտաներ (քանի որ պատրաստվում ենք համերգի): Կցանկանայի նաև, որ բեմադրվեր Վահրամ Բաբայանի «Մուսա լեռան 40 օրը» օպերան (գրվել է 2004-ին), վերականգնվեր Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը:
-Օտարազգի երաժիշտներն անդրադառնո՞ւմ են Ցեղասպանության թեմային:
-Այո, օրինակ, Մոսկվայում ապրիլի 23-ին կկայանա սիմֆոնիկ համերգ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կներկայացվի Վյաչեսլավ Արտյոմովի «Ռեքվիեմը», որն առնչվում է ցեղասպանությանը:
-Դուք մի առիթով նշեցիք, որ մենք չենք պատկերացնում` ովքեր են ապրում մեր կողքին, ստեղծագործողներին պետք է գնահատել կյանքի ընթացքում, ոչ թե կյանքից հետո: Հանրահայտ, ուշադրության արժանի անունները Հայաստանո՞ւմ են ապրում և ստեղծագործում, թե՞ հիմնականում դրսում:
-Գիտե՞ք, եթե նույնիսկ դրսում են ապրում, պետք է կապը պահեն հայրենիքի հետ: Արամ Խաչատրյանը Հայաստանում չի ապրել: Այսօր շատ երիտասարդ կոմպոզիտորներ ապրում են դրսում, բայց հոգևոր կապը հայրենիքի հետ բավականին մեծ է: Նրանք ստեղծագործում են ի նպաստ հայ երաժշտական արվեստի զարգացման: Ես չեմ ուզում ասել` դրսի, ներսի, մենք մեկ ենք: Պետք է դա հասկանանք:
-Ստեղծագործական միությունները հաճախ որակվում են հնացած, խորհրդային շրջանին հարիր կառույցներ: Կարծում եք` կառուցվածքային փոփոխության կարիք ունի՞ կոմպոզիտորների միությունը, և ի՞նչ նկատելի փոփոխություններ են արձանագրվել Ձեր ղեկավարման շրջանում:
-Միությունն այն օղակն է, որ կարող է ներկայացնել անհատներին ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ միջազգային դաշտում: Այսինքն, ստեղծագործական միությունը ոչ թե խանգարում է, այլ օգնում, սակայն ձևերը, մոտեցումները պետք է փոխվեն: ԱՄՆ-ում դրանք կոչվում են լիգաներ և երկուսն են` հյուսիսային և հարավային, Շվեդիայում, Ֆրանսիայում նույնպես կան կոմպոզիտորների միություններ, ամեն տեղ կա, ուղղակի պետք է ճիշտ ձևով աշխատել: Անցյալ տարի մեր կոմպոզիտորների գրեթե 50 տոկոսը ներկայացվել է դրսում: Չէին ներկայացվի, եթե միությունը չաջակցեր:
-Հետադարձ հայացքով ամփոփելով կոմպոզիտորների միության վերջին շրջանի ստեղծագործական անցուդարձը, ի՞նչը կառանձնացնեիք:
-Առաջին հերթին, ինչպես արդեն նշեցի, մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները սկսեցին հնչել տարբեր երկրներում, և շարունակվելու է այդ քաղաքականությունը: Պետք է ներկայացնել հայ արվեստը. սա է մեր գլխավոր նպատակը: Մինչ հիմա դրսից էինք երաժիշտներ հրավիրում, ֆինանսավորում էինք և այլն: Հիմա մենք պետք է ստեղծենք արժեքներ ու արտահանենք: Չէ՞ որ արվեստը նաև արտադրանք է, նյութական արժեք, ինչի մասին երբեք ոչ ոք չի մտածում: Մեր օպերային երգիչը արտերկրում մեկ ելույթի համար ստանում է 5000 դոլար, այստեղ ստանում է 50 հազար դրամ: Դրանք տարբեր բաներ են: ՈՒրեմն պետք է երգչին, կատարողին հնարավորություն տանք, որ պատվեր ունենան դրսից: Այդ դեպքում, բնական է, նա կաշխատի, կստեղծագործի:
-Ինչո՞ւ հայ ժամանակակիցների դասական ստեղծագործությունները հանրությանը ծանոթ ու սիրելի չեն դառնում: Շատերը նույնիսկ տարակուսում են` ունե՞նք կոմպոզիտորներ:
-Դա առաջին հերթին պայմանավորված է ունկնդրի ինտելեկտով և ԶԼՄ-ների անդրադարձով: Այսօր քիչ են անդրադառնում հայ կոմպոզիտորների ոչ միայն ավագ, այլև երիտասարդ սերնդի ներկայացուցիչների գործունեությանը: Մեր երիտասարդ կոմպոզիտորները միջազգային հեղինակավոր մրցույթներում առաջին տեղեր են գրավում, ուրեմն կա դպրոց: Երբ որևէ մարզիկ հաջողության է հասնում, բոլորս իմանում ենք, բայց շատերը չգիտեն, որ, օրինակ, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակին է արժանացել Միշել Պետրոսյանը, որ «North Sea Jazz festival» փառատոնի առաջին մրցանակակիր է Դավիթ Սաթյանը: Ես կարող եմ երկար թվել… Շրջանառել է պետք այս անունները, որ արձագանք գտնեն հասարակության շրջանում: Մենք հպարտորեն կարող ենք ասել, որ ունենք ինչպես անցյալ, այնպես էլ ապագա:
Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ